«Մահարձանը ոչ միայն հարազատներինն է, այլև Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի բոլոր սիրահարներինը»
Այսօր Ֆորում մամուլի ակումբում Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի շուրջ բարձրացած աղմուկի մասին խոսեցին քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, բանաստեղծներ Արտեմ Հակոբյանն ու Հակոբ Սրապյանը: Քանդակագործի համոզմամբ ամբողջ աշխատանքի ընթացքում հարազատները հետևել են, և տեղյակ են եղել տարբերակների բոլոր լուծումնրին.«Ես ամեն ինչ արել եմ, որ քանդակը մոտ լինի իրականությանը, եւ արտահայտի Ֆլորայի բուն էությունը: Սեպտեմբերին, երբ նրա արձանն արդեն պատրաստ էր, հարազատները տեսան, բայց որևէ բան չասացին: Երեք ամիս քանդակը իր շիրիմի վրա էր ու ամեն ինչ նորմալ էր, բայց հանկարծ հիմա ինչ-որ բան է փոխվել: Անհասկանալի է.առաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը Ֆեյսբուքյան քննարկման առարկա դարձնեն»:
Բանաստեղծ Արտեմ Հակոբյանն էլ, խոսելով քանդակի մասին համոզմունք հայտնեց.«Ես Լևոն Թոքմաջյանի արվեստը շատ բարձր եմ գնահատում: Սա ինձ հիշեցնում է Առնո Բաբաջանյանի արձանի պլոբլեմը: Սոցիալիստական ռեալիզմը այնքան է նստել մեր արվեստագետների ու առհասարակ հասարակության ուղեղում, որ անպայման քանդակը, կամ արվեստի մեկ այլ գործ պետք է արտահայտի այդ սոցռեալիզմն ու ճիշտ ժամանակի մաքառումները: Յուրաքանչյուր արվեստագետ որքան հեռանում է ռեալից, այնքան մեծանում է: Թոքմաջյանը հրաշալի ֆանտազիա ունի: Ես Ամերիկայում դասախոսելու տարիներին հաճախ եմ հանդիպել Ֆլորային և վստահեցնում եմ, որ նրա դեմքի այդ հրաշալի քամահրանքն արտացոլված է արձանում»: Արտեմ Սարգսյանի խոսքով տվյալ դեպքում կարևորը էության պատկերումն է, և ոչ պատկերի արտատպումը:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսն էլ՝բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Սրապյանը իր հերթին ավելացրեց. «Լևոն Թոքմաջյանի հանդեպ որոշակի վերաբերմունք կա` որպես արվեստագետի: Մենք Լևոն Թոքմաջյանի ցանկացած ստեղծագործության հանդեպ բծեր ու թերացումներ ենք տեսնում: Սա ավելի քան պայծառացած Ֆլորա Մարտիրոսյանն է, սա ավելի քան լուսեղեն է: Ես չեմ պատկերացնում որևէ արվեստագետ, որը լուսանկարչական պատճենահանմամբ ներկայացնի իր արվեստը: Այլապես, թող վերցնեին ու լուսանկար դաջեին: Կիսանդրուն նայելուց ես իրեն տեսնում եմ ապրող, շնչող` սա մահարձան չէ, սա կենդանի արձան է»:
Հակոբ Սրապյանը նշեց, որ մահարձանը, ոչ միայն հարազատներինն է, այլև Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի բոլոր սիրահարներինը:
Զառա Ղազարյան