Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:
Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երեւանյան պատվիրակության անդամներին, մասնավորապես նշել է, որ «Ոսկե նուռ» տոնավաճառը Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նմանատիպ միջոցառումների անցկացման ավանդույթի վերածնունդն է. «Այն Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունների, այլ նաեւ մեր ժողովուրդների մտերմացման, գործարար եւ մշակութային երկկողմ կապերի ամրապնդման զարգացմանն է ուղղված»,- նշել է Անդրեյ Չիժովը։
Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաեւ գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ եւ այլն։
«Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի բացմանը ելույթ են ունեցել հայկական ազգագրական ժողգործիքների, երգ ու պարի Երեւանից ժամանած եւ մոսկովյան համույթներ։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նաեւ հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերյոմինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, մասնավորապես 2014-16թթ. Երեւանի եւ Մոսկվայի համագործակցության ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաեւ նոյեմբերի 29-30-ին Մոսկվայում անցկացվելիք Երեւանի օրերի միջոցառումների կազմակերպչական հարցեր։
«Մոսկվայի հետ համագործակցությունը համարում ենք կարեւոր ուղղություն։ Մեր հարաբերությունները զարգանում են, եւ այդ գործընթացը, մեր համոզմամբ, շարունակական է լինելու։ Երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից է ավանդական դարձած «Ոսկե նուռ» տոնավաճառ-փառատոնը։ Մեզ համար կարեւոր է ծրագրերի եւ նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում, գործակցությունը տարբեր ձեւաչափերով՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի կառավարության, այնպես էլ երկու քաղաքների վարչական միավորների միջեւ»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Սերգեյ Չերյոմինն իր հերթին նշել է, որ փոխշահավետ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հնարավորությունները, հատկանշել է, որ Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում կստորագրվի 2014-16թթ. համագործակցության նոր ծրագիր։