«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը գումարում է իր 6 –րդ համագումարը
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ 2014թ.նոյեմբերի 9-ին` ժամը 11.00-ին, Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք 6-րդ համագումարի մասին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
Ուղիղ 12 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը:
Եւ արդեն 12 տարի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հավատարիմ մնալով կազմակերպության կանոնադրության և առաջին համագումարում որդեգրած գաղափարախոսությանը, զորացած հավատով և նվիրումով կերտել է «Նիգ-Ապարանի» պատմությունը, որն այլևս ոչ միայն կազմակերպության, այլ նաև մեր ժողովրդի պատմության մի մասն է:
«Միասնության շուրջպարի» մասին դեռ կհիշեն տասնյակ տարիներ, իսկ Տառ Քարերի պուրակը ու «Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշակոթողը հանձնվել են հազարամյակների պատմությանը՝ դառնալով ինչպես մեր ազգաբնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության գաղափարախոսության հիմքում ընկած է ժողովրդի միասնության, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ սիրո դրսևորման գաղափարը: Ներկայումս կազմակերպության կառույցները գործում են Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, հանրապետության մարզերում և աշխարհի տասից ավելի պետություններում: «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունը նախորդ՝ 5-րդ համագումարից հետո, 2011-2014 թվականներին կազմակերպել և իրականացրել է բազում ծրագրեր և միջոցառումներ:
Կազմակերպության միջոցառումներից հիշատակման են արժանի արդեն ավանդույթ դարձած Ապարանյան հին Նոր տարին և Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը: Այս տոնակատարություններին իրենց մասնակցությամբ նոր շունչ ու ոգևորություն են տալիս Հայաստանի մարզերի և տասնյակ քաղաքների հարյուրավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան այրեր, գիտության եւ մշակույթի գործիչներ, ազգային ոգով ապրող հարյուրավոր քաղաքացիներ:
2013թ. մայիսին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը կազմակերպեց այցելություններ մի շարք համայնքներ՝ Մեծ հայրենականի վետերանների և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Կազմակերպությունն առավել ուշադրություն է դարձնում երիտասարդների, մասնավորապես ուսանողների հետ տարվող աշխատանքներին: 2012թ. հուլիսին Աշտարակ քաղաքում կազմակերպվեց Երիտասարդական թևի հավաք: Կազմակերպության բոլոր միջոցառումներին իրենց մասնակցությամբ և ակտիվությամբ աչքի են ընկել բազմաթիվ ուսանողներ, երիտասարդ ասպիրանտներ և գիտաշխատողներ:
