«Oրենսդրությունը լղոզված է. հստակ չէ՝ որ տեղեկությունը կարելի է համարել խուճապային, որը՝ ոչ». Աբովյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ արտահերթ նիստին նշեց, որ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթում ներկայացված դրույթները հստակ չեն. «Oրենսդրությունը մի քիչ լղոզված է»,-նշեց Աբովյանը:
Պատգամավորի խոսքով՝ հստակ չէ, թե ո՞ր տեղեկատվությունը կարելի է համարել խուճապ առաջացնող, որը՝ ոչ։
Ի պատասխան Աբովյանի դիտարկումներին՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց. «Խոսքը վերաբերում է ակնհայտ խուճապ առաջացնող դեպքերին և դա պետք է նաև իրական վտանգ առաջացնի։ Միայն այդ դեպքերում կարող են անձինք ենթարկվել պատասխանատվության։ Արտակարգ դրության դեպքում շատ կարևոր է, որ խուճապային իրավիճակ չստեղծվի և դա է պատճառը, որ նման հիմնական իրավունք արտակարգ դրության ռեժիմով սահմանափակվում է...: Այն բոլոր դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, թե որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը՝ ոչ, կարող են խորհրդատվության համար դիմել պարետին և ստանալ այն։ Օրինակ՝ եթե պաշտոնականից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ այդ դեպքերը կարող են խուճապ առաջացնել։ Օրինակներն այնքան շատ են, որ այս պահին ես չեմ կարող բոլորը ներկայացնել»:
