Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախապես հայտնի էր, որ ՌԴ ներկայացուցիչ դեսպան Պոպովը համանախագահների այս տարածաշրջանային այցին չի մասնակցելու և բացակայում էր Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպմանը: Այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանը Երևան է գալիս համանախագահներին հանդիպելու նպատակով, բայց, արդեն այստեղ գտնվելով, հրաժարվում է միայն ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպումից: Պատճառների վերաբերյալ ընդամենը վարկածներ կարող եմ առաջարկել: Չեմ բացառում, օրինակ, որ Արցախի Հանրապետության նախագահը նոր իրավիճակում պատրաստ չի եղել ներկայացնելու պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները, քանի այդ մոտեցումները դեռևս մշակված չեն: Հնարավոր է նաև, որ այդ որոշումն ինչ-ինչ պատճառներով հայաստանյան իշխանությունների պնդմամբ է ընդունվել: Կրկին, որպես ենթադրություն, կարելի մտածել, որ, միգուցե Նախագահ Հարությունյանը հույսեր ունի, որ համանախագահների ամբողջական կազմը կհամաձայնվի այցելել Արցախ առաջիկայում և նախընտրել է հենց այդ տարբերակը: Եւ, վերջապես, որպես չորրորդ վարկած, հավանական կարող է լինել նաև այն, որ չհանդիպելու որոշումը կայացվել է հենց անմիջականորեն Մոսկվայի ճնշման տակ»: