Ռուսական ռմբակոծություններն են առաջացնում փախստականների հոսքերը.Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ պաշտոնատար անձինք չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծություններով փախստականների հոսք ստեղծելու համար, սակայն պահանջում են Թուրքիայից բացել սահմանները ներգաղթյալների համար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ «Ռուսական ռմբակոծություններն են առաջացնում փախստականների այդ հոսքերը, և ոչ ոք չի համարձակվում ռուսներին ասել, որ նրանք պարտավոր են դադարեցնել»,- ասել է Դավութօղլուն։ Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում «արյան ծով» է թափում՝ աջակցելով սիրիացի քրդերին, որոնց Անկարան ահաբեկիչ է համարում։ ԱՄՆ-ը և ՄԱԿ-ի մի շարք այլ անդամներ սիրիացի քրդերին համարում են կարևորագույն ուժերից մեկը, որ կարող են պայքարել ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դեմ։
