Թատրոնում ներկայացման ժամանակ պոկվել է պարանը. դերասանը կոտրվածքներ է ստացել
Yerkir.am-ը գրում է.Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախօրեին ներկայացումներից մեկի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ դերասանը բռնվել է պարաններից մեկից /ըստ սցենարի/, որը պոկվել է, և վերջինս ընկել է` կոտրվածքներ ստանալով:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնտեսագետ Անահիտ Եգորյանը նշեց, որ բանն այն է, որ դերասանը փորձել է բռնվել ոչ այն պարանից, որը նախատեսված է եղել իր համար:
«Դերասանն ուղղակի բռնել է դեկորի համար նախատեսված պարանը, շփոթվել է ուղղակի: Փառք Աստծո, առողջական վիճակը լավ է, ձեռքն է կոտրվել, հիվանդանոցում է»,-ասաց Եգորյանը:
Նա նշեց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն խոսակցությունները, թե իբր ներկայացման համար անհրաժեշտ գումարը չի ծախսվել` տեխնիկական մասն ապահովելու համար.«Ո՞նց կարող է «Լիր արքա» ներկայացման վրա հավուր-պատշաճի գումար չծախսվել, մենք ֆինանսների նախարարությանն ենք հաշվետվություն տալիս, թե որքան գումար ենք ծախսել: Ներկայացման վրա ծախսվել է այնքան, որքան անհրաժեշտ է, այնպես որ` եթե մեկ-երկուսն արդեն իրար են խառնվել և քիթները խոթում են ֆինանսականի հարցերի մեջ` թող գնան իրենց հարցերը ճշտեն»:
Եգորյանը նշեց նաև, որ ներկայացումը չի ընդհատվել, քանի որ դերասանը հենց այդ տեսարանից հետո պետք է լքեր դահլիճը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում