Տոկիոյում Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել
Հոկտեմբերի 15-ին Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը՝ խոսելով համաշխարհային արվեստում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ավանդի և սերունդներին փոխանցած ժառանգության մասին: Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ: Համերգն ունկնդրելու են եկել Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ: