10 օր անհետ կորած կապիտանի հայրը Թալիշում որդուն է փնտրում. իրեր գտել են (ֆոտո)
Ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո անհետ կորած համարվող 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի հայրը, որը նույնպես պայմանագրային ծառայող է, ԵԿՄ անդամ, այժմ Թալիշում է եւ փնտրում է որդուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը:
Արգիշտիի հայրն այսօր՝ ապրիլի 12-ի առավոտյան կապ է հաստատել եւ տեղեկացել, որ Արգիշտի Գաբոյանին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են, այդ նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան է, ունի մեկ քույր ու մեկ եղբայր: Երկու օր առաջ Արգիշտիի կրտսեր եղբայրը՝ Հայկը, մեկնել էր Թալիշ՝ եղբոր անձնական իրերը գտնելու, տուն բերելու: Իրերը, որոնք ճանապարհին կորել էին, գտնվել եւ վերադարձվել են Արգիշտիի ընտանիքին:
«Աստծուց, Հայաստանի, Ղարաբաղի իշխանություններից, Կարմիր խաչից մի բան եմ խնդրում՝ իմ էրեխուն ամեն գնով ինձ վերադարձնեն, հույս ունեմ ողջ ու առողջ, բայց եթե անգամ ոչ ողջ, միեւնույն է՝ իմ էրեխուն ինձ տան»,- մեզ հետ զրույցում ասաց Արգիշտի Գաբոյանի մայրը՝ տիկին Հասմիկը:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված Բենիամին Եղոյանը նույնպես ծնունդով Մեծ Մանթաշից էր: Նույն գյուղում էր ապրում նաեւ Արման Անդրեասյանը, ով անհետ կորած էր համարվում: Նրա դին հայտնաբերել ու հայկական կողմին են հանձնել նախօրեին: Արման Անդրեասյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:
