11 անչափահաս ունեցող ընտանիքին տնից վտարելու ժամկետ են տվել (տեսանյութ)
Shabat.am-ը գրում է. Արմավիր քաղաքի տներից մեկը լի է ժպտացող երեխաներով։ Այստեղ համերաշխ եւ փոխադարձ սիրով իրենց ծնողների հետ ապրում են 6 տղաներն ու 5 աղջիկները։ Մինչ մեր նկարահանումը սկսելը, ընտանիքի մայրը՝ Գայանե Ավետիսյանը, ասաց. «Խնդրում եմ մեր ընտանիքին հանկարծ խղճուկ չներկայացնեք, մենք որեւէ բանի կարիք չունենք։ Մեր միակ խնդիրը տունն է, որ չունենք, ու մի քանի օրից կարող է դրսում հայտնվենք»։
Գայանե Ավետիսյանի եւ Դյումա Պողոսյանի ընտանիքը 2010թ. Արմավիր է տեղափոխվել Հնաբերդ գյուղից։ Այստեղ նրանք վարձով են բնակվում։ Տանտերը 20 օր ժամանակ է տվել՝ տունն ազատելու։ Ընտանիքի հայրը՝ Դյուման, նշում է, որ իրենց տնից հանելու պատճառը հարեւանի բողոքն է, թե իբր պատը թրջում են. «Մեր ու կողքի հարեւանի պատը նույնն է, ինչ-որ խողովակ էր փչացել, պատը թրջվում էր։ Ես փոխել եմ խողովակները, ամեն ինչ արել եմ, որ նեղություն չտանք, բայց դա սարքել են առիթ՝ մեզ տնից հանելու։ 11 երեխաների հետ շատ դժվար է վարձով տուն գտնելը, ոչ ոք չի ուզում տալ իր տունը, երբ իմանում է՝ շատ երեխաներ ունենք»,- ասում է Դյուման։
Տանտիրոջ տված ժամկետին մնացել է 13 օր, իսկ ընտանիքը չգիտի, թե ուր պիտի գնա ձմեռվա ցրտին։ Երեխաներից վեցը դպրոցական են, ծնողներն ամենից շատ անհանգստանում են, որ նրանք ստիպված կլինեն դասերը բաց թողնել։ Ընտանիքը բազմաթիվ նամակներ է գրել երկրի նախագահին, որոնք ուղարկվել են մարզպետին, այնուհետեւ` քաղաքապետին, ումից էլ պատասխան են ստացել, թե հիմա բնակարանաշինություն չկա, ոչնչով չեն կարող օգնել։ Այս իրավիճակից Գայանեն եւ Դյուման երկու ելք են տեսնում. լքել երկիրը կամ դիմել մարդկանց օգնությանը։
մանրամասները` սկզբնաղբյուրում
