12 տարվա ազատազրկման դատապարտված քրեակատարողական վարչության նախկին պետին ներում է շնորհվել
Նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել 12 տարվա ազատազրկման դատապարտված քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։
Սամվել Հովհաննիսյանը, ով 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, դատարանի՝ 2014 թվականի մայիսի 5-ի դատավճռով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, Սամվել Հովհաննիսյանին անպարտ ու դատարանով արդարացված ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության նախապատրաստությունը կազմակերպելը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության նախապատրաստությունը կազմակերպելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, Սամվել Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց և ընդհանուր առմամբ դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Խարդախության դրվագով հօգուտ երկու տուժողների Ս.Հովհաննիսյանից պետք է բռնագանձվի, շուրջ 42 մլն դրամ:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը միջնորդել էր Ս.Հովհաննիսյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ Ս.Հովհաննիսյանը կնքել է կրկնակի գործարքներ և «խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները»։
Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է նաև դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր տալու մեջ: Մեղադրանքի երկու հոդվածով նա իրեն մեղավոր չի ճանաչել:
