«13 օր անց եռակողմ հայտարարության պահանջները լիարժեքորեն չեն կատարվել». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
Թեև հայտարարությունից անցել է արդեն 13 օր, սակայն նշված կետի պահանջները լիարժեքորեն չեն կատարվել մինչ օրս:
Հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցիների դրսևորած անմարդկային, ստորացուցիչ ու գազանային վերաբերմունքը և դրանց տեսանկարահանումն ու տարածումը ցույց է տալիս նրանց պատկերացումն ու ընկալումը մարդու իրավունքների և առհասարակ մարդասիրության նկատմամբ:
Անհրաժեշտ է անհապաղ զբաղվել այս հարցով:
Հորդորում եմ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանում Կարմիր խաչի մարդասիրական առաքելությանը ձեռնարկել անհապաղ միջոցառումներ՝ Արդբեջանում գտնվող բոլոր ռազմագերիներին մեկ օր շուտ վերադարձնելու համար:
Միաժամանակ հորդորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամենաբարձր մակարդակով բարձրացնել այս հարցը՝ եռակողմ հայտարարությամբ ամրագրված հանձնառություններն Ադրբեջանի կողմից անվերապահորեն կատարելու համար»:
