16-ամյա Խաչիկ Ղազանչյանը մահացել է, նա այդպես էլ կոմայից դուրս չեկավ
Երևանում հունվարի 6-ին դանակի 14 հարված ստացած 16-ամյա Խաչիկ Ղազանչյանն մահացել է: Խաչիկ Ղազանչյանին դանակահարելու մեջ մեղադրվում է նրա ընկերը՝ 18-ամյա Սուրեն Մուրադյանը: Սակայն վերջինիս գտնվելու վայրը անհայտ է։ Fnews.am-ի թղթակցին Սուրենի մասին որոշ տեղեկություններ է հայտնի դարձել։ «Հունվարի 5-ին Սուրենը կմախքներ է նկարել բաժանել, մարդու կտրած գլուխներ, ձեռքեր կտրած՝ կարմիր ներկած ու բաժանել է բակի բոլոր երեխաներին։ Սատանայական բաներ էր անում»,-ասաց Նարեկ Մարգարյանը։
Դանակահարության պատճառը Խաչիկի ծնողների համար անհայտ է: «Նրա վարքում տարօրինակ բաներ կար, չգիտենք երևի ինչ որ աղանդավորական շարժման անդամ էր դարձել, բայց ծնողները լավ կարգին մարդիկ են։ Եղել են դեպքեր նաև, որ Սուրենը տանից փախել է, հետո գտել են, մի խոսքով տարօրինակություններ ուներ։ Խաչիկին դանակահարելու պատճառ էլ չի ունեցել, Սուրբ ծնունդն է եղել, երևի այդ քայլով ինչ որ մեկին ինչ որ բան է ուզեցել ապացուցել»,-ասաց մեր զրուցակիցը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, հայտարարվել է հետախուզում։
