19-ամյա Հայկազ Բարսեղյանի գործով նշանակված փորձաքննությունների արդյունքները պատրաստ են
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նշանակված բոլոր փորձաքննությունների արդյունքների պատասխանները ստացվել են: Շուտով նախաքննությունը կավարտվի եւ գործը կմտնի դատաքննության փուլ: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանների ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Թե ի՞նչ է պարզվել մինչ այս նախաքննությամբ փաստաբանը նկատեց.
-Շատ-շատ փաստեր են ի հայտ եկել, բայց նախաքննության այս փուլում որեւէ բան ասել չեմ կարող:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Հայկազի հարազատները, դեռեւս ամիսներ առաջ, խոսելով ողբերգական դեպքի մասին, պատմել էին, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելուց, սակայն մինչեւ այդ տղային ծեծել են, սուր գործիքը մտցրել թեւի մեջ:
«Կապտուկներ են եղել աճուկի մասում, թեւերին, շրթունքն է վնասված եղել, վիզը՝ կապտած, ձեռքերը՝ արյան մեջ: Աջ արմունկի մասում սուր գործիք են մտցրած եղել: Նախնական եզրակացության մեջ մահվան պատճառը գրված է՝ մեխանիկական շնչահեղձություն: Ըստ երեւույթին, մինչեւ կախելը մահացած չի եղել: Մտածել են՝ կարող է մահանալ, տարել, կախել են, որ տպավորություն լինի, թե ինքնասպան է եղել: Իրենց չորսի բուշլատի միջի թելերը հանել են, կապել են իրար ու կախել»:
Թեեւ Հայկազը ինքնամփոփ է եղել, հազվադեպ է կիսվել ծնողների հետ, բայց ծնողները բացառում են, որ իրենց որդին խնդիրներ ունեցած լինի համակուրսեցիների հետ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը բարձր առաջադիմությամբ ավարտած, մի քանի ամիս բանակում ծառայած, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունված որդու մասին հայրը մինչեւ հիմա միայն գովեստի խոսքեր է լսել:
Ն. Ադամյան
