1994թ. կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կրի անժամկետ բնույթ.Սերգեյ Լավրով
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումից հետո այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով:
Էդվարդ Նալբանդյանն իր բացման խոսքում նշեց, որ հակամարտության սրումից ի վեր ինքը կապի մեջ է եղել ՌԴ արտգործնախարարի հետ:
«Մենք քննարկել ենք հարցը նաև ապրիլի 8-ին Մոսկվայում: Ադրբեջանի արկածախնդրությունը խանգարում է հակամարտության կարգավորմանը: Մենք համակարծիք ենք, որ բանակցային ճանապարհով հարցի լուծումն այլընտրանք չունի: Հանդիպմանը մենք անդրադարձանք հայ-ռուսական համագործակցության մի շարք ոլորտների: Քննարկեցինք միջազգային և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Ապա Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ, բնականաբար, քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
«Իհարկե, քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվի հրադադարի պայմանավորվածությունը»,- իր խոսքում փաստեց Սերգեյ Լավրովը:
Հարցին՝ ինչպե՞ս կազդեն Թուրքիայի կողմից միակողմանի հայտարարությունները, Լավրովը պատասխանեց. «Թուրքիայի հայտարարություններն անընդունելի են, դրանք պատերազմական լուծում են կոչ անում, մենք արդեն սովոր ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների այսպիսի քայլերին»:
РИА Новости գործակալության լրագրողի հարցին՝ ԼՂ հակամարտության կարգավորման ի՞նչ կոնկրետ քայլեր են մշակվել, Լավրովը պատասխանեց, որ ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կոնկրետ քայլերին, իրենք համարում են, որ ներկայումս առաջնային խնդիր է հրադադարի խախտման բոլոր միտումներին խոչընդոտելը:
«Վերջին տարիներին մշակվել են մի շարք ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն այդ արդյունքին հասնելու համար, այդ թվում` հանցագործությունների հետաքննություն և վերահսկողական այլ քայլեր: Կարծում եմ, որ Գերմանիան, որը համաշխարհային հակամարտությունների լուծման հարցում մեծ դերակատարում է ունենում, պետք է կենտրոնանա ԼՂ հակամարտության վրա, որպես ԵԱՀԿ նախագահ երկիր: Կանենք ամեն բան, որ Բեռլինը ստանձնի այս հարցի նկատմամբ իր պարտավորությունները»,- հավելեց ՌԴ ԱԳ նախարարը:
Կազանի փաստաթղթից Հայաստանի հրաժարվելու մասին ռուսական մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Լավրովը նշեց, որ Հայաստանը չի հրաժարվել Կազանի փաստաթղթից: Էդվարդ Նալբանդյանն էլ, շարունակելով վերջինիս միտքը, հայտնեց, որ դրանից հրաժարվել է Ադրբեջանը, և դա տեղի է ունեցել ոչ միայն Կազանի, այլև մի շարք այլ փաստաթղթերի պարագայում:
