2018-ին կտրուկ նվազել է Եվրոպայում ապաստան խնդրող Հայաստանի քաղաքացիների թիվը. Փաշինյան
2018 թվականին Հայաստանի քաղաքացիների թիվը, ովքեր ապաստան են խնդրել եվրոպական երկրներում, երեք անգամ կրճատվել է 2017-ի համեմատ։ Այս մասին Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ 2018 թվականի արդյունքներով 12 տարվա մեջ առաջին անգամ 15 հազարով ավելի քաղաքացի է վերադարձել երկիր, քան հեռացել է։ «Շատ է խոսվում հայրենադարձության ծրագրի մասին, խոսում են արտոնյալ պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին։ Առաջին հայացքից թվում է, թե սա ճիշտ ճանապարհ է։ Բայց մի՞թե դա արդարացի է նրանց հանդեպ, ովքեր չեն հեռացել։ Քննարկումների արդյունքներով որոշեցինք, որ իրական հնարավորությունների ստեղծման ճիշտ ճանապարհը բոլորի համար զարգանալն է, որպեսզի բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, որպեսզի չլինեն զանցառություններ, որպեսզի սեփականության իրավունքը հարգվի, լինեն տնտեսական գործունեություն վարելու հնարավորություններ»,- ընդգծել է վարչապետը։ Նրա խոսքով՝ Երեւանում անշարժ գույքի գները էապես բարձրանում են, իսկ շինարարները 12 տարվա մեջ առաջին անգամ սկսել են խոսել բնակարանի կառուցման անհրաժեշտության մասին։