23-ամյա երեւանցին մեղադրվում է դաժան սպանության մեջ. զոհին հասցրել է դանակի 17 հարված
Դատարանում շուտով կսկսվի Երեւանում շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած դաժան սպանության գործով դատավարությունը. 42-ամյա Աննա Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվում է 23-ամյա Ռոբերտը:
Սպանության շարժառիթը շահադիտական է: Երիտասարդը դանակի 17 հարված էր հասցրել կնոջը` վերջինիս բնակարանում, ապա, վերցնելով առկա կանխիկ գումարը` 80.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ 5 հատ ոսկյա զարդ, դիմել էր փախուստի:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սպանությունից հետո Ռոբերտը փորձել է թաքնվել հանրապետությունից դուրս, սակայն նա 2014թ. մարտին հայտնաբերվեց, վերադարձվեց Հայաստան և կալանավորվեց:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է եւ ուղարկվել դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին:
