26-ամյա երիտասարդը պնդում է, որ հարեւանը փորձել է խեղդել իրեն, ինքն էլ դանակով հարվածել է
Փաստինֆոն գրում է. Հարևանի սպանելու մեջ մեղադրող 26-ամյա Արթուրն այսօր իր իսկ գործով առաջին դատական նիստում հայտարարեց, որ գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, այսօր սկսվեց գործով դատաքննությունը, մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Արթուրը 2014թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկի հետ և խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել նրա որովայնի ձախ շրջանին:
Անդրանիկին պատճառվել են ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Արթուրն իր տանը շինարարական աշխատանքներ է կատարել, վերջինիս օգնության ձեռք է մեկնել նաև տուժող Անդրանիկը, ով, հաճախակի այցելելով Արթուրին, օգնել է նրան շինարարության ժամանակ:
Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում Արթուրին հաճախակի է այցելել նաև նրա մորեղբայրը, ով ինչպես և Անդրանիկը դեպքի օրը՝ 2014թ. նոյեմբերի 6-ի երեկոյան, գտնվել է Արթուրի տանը:
Տղամարդիկ միասին հաց են կերել, օղի խմել, իսկ ավելի ուշ հարևանների միջև վիճաբանություն է ծագել. Անդրանիկն Արթուրին անվանել է «եզո»: Խմած Արթուրն էլ խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Անդրանիկին:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Դատարանում 8-ամյա կրթությամբ ամբաստանյալը հայտարարեց, որ տուժող 41-ամյա Անդրանիկը փորձել է իրեն խեղդել, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է հարվածել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
