3 պատգամավորի թեկնածու հայերենի քննություն է հանձնել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը վերջերս հրապարակեց պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը: Հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության «Ուղղագրություն», «Ուղղախոսություն» և «Բառագիտություն» բաժինները: Առաջադրանքները կազմվել են ՀՀ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջներին համապատասխան: Թեստն էլ «անցնելու» են ռուսական կրթություն ունեցող պատգամավորները։
ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ թերեւս այսօր վերջին օրն էր համապատասխան քննություն հանձնելու, սակայն պատգամավորի 3 թեկնածու է միայն այդ թեստը հանձնել։ «Կարգի համաձայն նախարարությունում քննություն են հանձնել, այսօր փաստաթղթերը ԿԸՀ հանձնելու վերջին օրն է, բայց ընդամենը 3 հոգի է հանձնել քննությունը, չնայած, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ով ամբողջովին չի հանձնել փաստաթղթերը, հնարավորություն է տրվում լրացնելու»։
Ի, դեպ 3 թեկնածուներն էլ կարողացել են հաջող հանձնել քննությունը՝ հաղթահարելով անցողիկ շեմը։ Իսկ թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորների թեկնածուները, ԿԳՆ-ից չհայտնեցին՝ նշելով, որ տեղյակ չեն։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայերենի քննություն է հանձնել՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու նպատակով: Հայերենի քննություն է հանձնել նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության
ներկայացուցիչներից իրաքահայ Վարդան Բեյլերյանը, ով առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում:
