3-րդ զույգ տղան ունեցած ընտանիքի տան հարցը դեռ լուծված չէ.1մլն դրամ է հավաքվել
Մոտ երկու շաբաթ առաջ երրորդ անգամ զույգ տղա ունեցած տավուշցի ամուսինների բնակարանի հարցը այդպես էլ չլուծվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը՝ Դավիթ Սահակյանը:
Նա նշեց, որ թե երեխաները, թե կինը լավ են, մեծ զավակները դպրոց են հաճախում, միջնեկ տղաները՝ մանկապարտեզ, իսկ նորածինները իրենց հետ են, այժմ ընտանիքի առօրյան բուռն է, հագեցած եւ դժվար: Դավիթ Սահակյանը նորից շնորհակալություն հայտնեց բոլոր անհատներին, ընկերություններին եւ կազմակերպություններին, լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան իրենց ընտանիքի նկատմամբ եւ ամեն մեկը իր չափով օգնություն ցուցաբերեց: Հայրը պատմեց, որ օգնությունների շղթան սկսվեց «Էրեբունի» հիվանդանոցում՝ նվերներ, անակնկալներ, այնուհետեւ իրենց այցելեց Ռոզա Ծառուկյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դրամական օգնություն ուղարկեց, Արդադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարզային այցի ժամանակ այցելեց, ընտանիքին աջակցություն ցուցաբերեց նաեւ Տավուշի մարզպետարանը, Իջեւանի «Մոր եւ մանկան» կենտրոնը, «Կուրացիո» ՍՊԸ-ն եւ այլն: Դավիթ Սահակյանն ասաց, որ բացի նվերներից՝ հագուստ, խնամքի միջոցներ, մանկասալյալ եւ այլն, հավաքվել է մոտ 1 մլն դրամ, սակայն դրանով չեն կարող բնակարանի հարցը լուծել, դրանով կհոգան երեխաների մի քանի ամսվա ծախսը:
Ընտանիքի հայրը արդեն չգիտի՝ ում դիմի, որպեսզի լուծվի բնակարանի հարցը, բոլոր հնարավոր մարմիններին դիմել է, նամակներ ուղարկել, օդում կախված խոստումներ լսել, բայց արդյունքում արդեն 8 տարի է ապրում են ազգականի 2 սենյականոց բնակարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 30-ամյա Նաիրա Բաղդասարյանը եւ 39-ամյա Դավիթ Սահակյանը երրորդ անգամ զույգ տղա են ունեցել: Նրանք 8,5 տարի է՝ ինչ ամուսնացած են: Առաջին զույգ որդիներին ունեցել են 2007թ փետրվարի 6-ին, ծնվել են Արծրունը եւ Սահակը: Երկրորդ անգամ ընտանիքում զույգ որդի է լույս աշխարհ եկել 2010թ նոյեմբերի 27-ին՝ Նորիկը եւ Սարգիսը: Իսկ ահա 2014թ դեկտեմբերի 11-ին, «Էրեբունի» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել նրանց երրորդ զույգ որդին:
Դավիթ Սահակյանը մասնագիտությամբ իրավագետ է, ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, «Համերաշխություն» շարժման Տավուշի մարզային կառույցի կորդինատորն է, կինը մասնագիտությամբ վարսահարդար է:
