300 երեխաներ նվերներ և շնորհավորանքներ ստացան նախագահականում
Երևանի հանրակրթական դպրոցների 9-12 տարեկան մի քանի հարյուր երեխաներ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նախագահական նստավայրում էին՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը:
Երեխաները մեկ ժամ անցկացրին հեքիաթների հերոսների հետ, այնուհետեւ նրանց այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը և նվերներ բաժանեցին:
«Միջոցառման նպատակն այն է, որ փոքր երեխաները կարողանան այցելել, տեսնել նստավայրը եւ այստեղ ստանալ շնորհավորանքներ և նվերներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գևորգյանը՝ նշելով, որ այսօրվանից մեկնարկում է Նախագահի նստավայրում երեխաների համար նախատեսված ամանորյա միջոցառումների շարքը:
Նախագահի նստավայրում դեկտեմբերի 24-25-ին կհյուրընկալվեն սահմանամերձ գյուղերի, Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վերտերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ ԼՂՀ-ից ժամանած սահմանափակ կարողություններով երեխաներ:
Միջոցառմանը մասնակցելուց հետո սահմանամերձ գյուղերի երեխաները նաև կայցելեն Հայաստանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ, երեխաները կայցելեն նաև Հանրապետության հրապարակ, որտեղ կդիտեն տոների առթիվ անցկացվող միջոցառումները:
