32 օր անց ազատամարտիկը դադարեցրեց հացադուլը
Հունվարի 11-ից հացադուլի մեջ գտնվող «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը (Զիմն) երեկ դադարեցրել է հացադուլը: «Մեր հորդորները տեղ հասան, նա դադարեցրեց հացադուլը 32 օր անց, առողջական խնդիրներ ունի, բայց վստահեցնում է, որ իրեն լավ է զգում ու պայքարը շարունակելու է»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Զիմի ընկերները հավատում են, որ նա չի կոտրվի և կշարունակի պայքարել: Չի բացառվում, որ նա կրկին հացադուլ հայտարարի: «Ուզում ենք մեկ անգամ ևս այցելել նրան, համոզել, որ այլևս նման քայլի չդիմի: Մեզ զարմացնում է այն հանգամանքը ինչպես կարող է 60-անց մարդը կապ ունենալ հանցագործ խմբի հետ»,-ասաց կին ազատամարտիկը: Նա տեղեկացրեց, որ շուտով իրենք էլ են ակցիաներ կազմակերպելու և պահանջելու, որ կալանավորված մարդկանց ազատ արձակեն:
Հիշեցնենք, որ Հարություն Սարիբեկյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով: Ազատամարտիկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պնդում է, որ իրեն ձերբակալել են քաղաքական հայացքների համար:
Նշենք, որ զինված խմբավորման անդամ լինելու մեղադրանքով կալանավորված է «Տիգրան Մեծ» ջոկատի ևս մեկ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապար), որը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
