4 մանկապարտեզից միայն մեկում վարակ չի հայտնաբերվել
Արմավիրի մարզի մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը, պարզվում է, ոչ միայն պատահականության հետևանք չեն, այլև պատասխանատուների անպատասխանատվության արդյունք են:
Այսպես, «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի 4 մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում դրանցից միայն 1-ում խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզից 11 երեխա էր հոսպիտալացվել՝ թունավորման ախտանշաններով:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ մանկապարտեզում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարական կանոնների և նորմերի կոպիտ խախտումներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:
Բայց, պարզվում է, Ալաշկերտի մանկապարտեզն այս մարզի խախտումներ կատարած միակ մանկապարտեզը չէ: Ավելին՝ խախտումներն այստեղ գրեթե համատարած են:
Ավելի ուշ՝ մայիսի 22-ից 24-ը, Արմավիրի մարզից երեխաների թունավորման նոր ահազանգեր ստացվեցին: Այս անգամ «սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ» «Արմավիր» ԲԿ էր տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 11-րդ մանկապարտեզ հաճախող 3 երեխա:
Մայիսի 25-ից 29-ը «Արմավիր» ԲԿ տեղափոխվեց ևս 3 երեխա, այս անգամ՝ քաղաքի թիվ 6-րդ մանկապարտեզից:
Իսկ մինչ այդ՝ մայիսի 14-ից 22-ը, արդեն այս նույն հիվանդանոց էին ընդունվել Արմավիր քաղաքի թիվ 9-րդ մանկապարտեզի 3-6 տարեկան 7 սաներ՝ դարձյալ թունավորման ախտանիշներով:
Գրանցված այս երեք դեպքերից հետո ևս նշված մանկապարտեզներում ստուգումներ էին իրականացվել, փորձաքննություններ նշանակվել: Եվ ահա մեզ հաջողվեց պարզել, որ թե՛ 11-րդ և թե՛ 6-րդ մանկապարտեզներում իրականացված փորձաքննություններով հաստատվել է դրանցում աղիքային վարակների առկայությունը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ թիվ 6-րդ և 11-րդ մանկապարտեզներից վերցված սննդի նմուշներում լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Եվ միայն 9-րդ մանկապարտեզում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
