8 հոգու համար նախատեսված խցում պահվում է 25 հոգի, դա դժոխային տառապանք է
Shabat.am-ը գրում է. Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար ազատազրկվածների թիվը լրանալուց հետո ՔԿՀ-ն չպետք է նոր մարդ ընդունի։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեկնաբանում է. «Առաջին հայացքից շատերին սա կարող է զարմանալի թվալ, բայց այդպես է իրավական պետությունում, լրիվ իրատեսական է օրինակ Շվեդիայում։ Երբ որ բանտում տեղ չկա, մարդուն տվել են ազատազրկում, նա հերթ է կանգնում,մինչեւ բանտում ազատ տեղ է լրանում, նրան բերում են եւ պահում են այդտեղ»։
Իրավապաշտպանը հիշեցնում է,որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գերբնակեցումը համարել է խոշտանգում. «8 հոգու համար նախատեսված խցում պահվում է 25 հոգի, դա դժոխային տառապանք է»։
Պարոն Իշխանյանն այսօր մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հաշվետվության ներկայացմանը՝ ՔԿՀ-ներում տիրող ընդհանուր իրավիճակի, հիմնական խնդիրների վերաբերյալ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատապարտյալների նկատմամբ երբեմն ֆիզիկական բռնություններ են գործադրվում, իսկ միջանձնային հարաբերություններում առկա է ստորակարգություն։
«Ոչ թե իրավական օրենքներն են գերիշխում, այլ քրեական օրենքները։ Կոռուպցիոն երեւույթները լայն երեւույթներ ունեն»,- ասում է փորձագետ Ռոբերտ Ռեւազյանը։
Դիտորդական խումբը ցանկանում է մեծ ուշադրություն դարձնել նաեւ կալանավորներին տարվող հանձնուքին, երբ նրանց հարազատները մեծ գումարներ են ծախսում սննդի վրա՝ չնայած որ պետությունը յուրաքանչյուր կալանավորին գումար է հատկացնում։
Զեկույցը դեռ 2013 թ-ինն է,առաջիկա օրերին կհրապարակվի այս տարվա զեկույցը։
