8000 հայ որբերի հայրություն արած Պապա Քունցլերի ժառանգներն այցելել են Արամ Ա. կաթողիկոսին
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին են այցելել հայասեր գործիչ, Ղազիրի որբանոցի տնօրեն Պապա Կունցլերի թոռնուհին՝ Իդա Ալամեդդինն իր երկու որդիների՝ Քարիմ և Աբբուդ Դիաբների ընկերակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է Կաթողիկոսարանի կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր նյութեր՝ կապված Պապա Կունցլերի կյանքի, որբերի խնամատարական աշխատանքներին նրա մասնակցության, կազմակերպած տարբեր ծրագրերի՝ գորգագործության գործարանի, այրիների համար ստեղծված հաստատության, աղջիկների համար բացված ձեռագործ գործարանի, Թոքային հիվանդանոցի հիմնման մասին։
Պապա Կունցլերը խնամել ու հայրություն է արել ավելի քան 8000 որբերի, ինչի համար էլ, արդարև, նրան Պապա են կոչել։
Վեհափառ հայրապետը հյուրերին հայտնել է, որ անձամբ է ներկա գտնվելու Շվեյցարիայում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության միջոցառմանն ու Պապա Կունցլերին նվիրված հատուկ հանդիսությանը։
Քննարկվել է նաև Կունցլերի գերեզմանի վերանորոգման հարցն ու կարևորվել է նրա դերակատարությունը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին փրկելու գործում։
