87 զինծառայող է դուրս գրվել հիվանդանոցից և նորից անցել ծառայության
wnews.am-ը գրում է. 4-օրյա պատերազմի ժամանակ բոլոր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ պահպանվել է 1 ժամի սկզբունքը, և ոչ մի վիրավոր չի տուժել այն պատճառով, որ նրան ուշ են բուժօգնություն ցուցաբերել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Ըստ նրա` հենց այդ իսկ պատճառով էլ վիրավորների թվում մահացության դեպքերը միայն 2-ն են եղել: 4-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 125 վիրավոր, որից 2-ն են մահացել` հետվիրահատական շրջանում առաջացած բարդությունների հետևանքով: Այս պահի դրությամբ 87 զինծառայող է դուրս գրվել հիվանդանոցից` կրկին ծառայության անցնելով: Գիտենք նաև, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը չպահպանեց, որի հետևանքով էլ ապրիլի 5-ից հետո ևս 34 վիրավոր ենք ունեցել: Վիրավորներից 3-ի վիճակն է ծայրահեղ ծանր»,-ասաց Խաչատրյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում 148 վիրահատություն է կատարվել, եղել են նաև կրկնակի վիրահատության դեպքեր: Ըստ Խաչատրյանի` մեր վիրավորների թիվը փաստեց այն մասին, որ մեր զինվորները կարողացել են ճիշտ պաշտպանվել: Ինչ վերաբերում է բժիշկների, ապա, Խաչատրյանի հավաստմամբ, նրանք գերազանց հոգեբանական վիճակում են գտնվում.«Այս ընթացքում «Շտապ բուժօգնության» 4 ավտոմեքենա է ոչնչացվել թշնամու կողմից: Ճիշտ է, բժիշկների շրջանում վիրավորներ ունենք, բայց, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»:
