928 մլն դրամ` սահմանամերձ բնակիչների ծախսերը սուբսիդավորելու համար
Սահմանամերձ համայքները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում սահմանային գոտում առաջացած լարվածություններն ու ռազմական գործողությունները որոշակի վնասներ են հասցրել տեղի բնակչությանը: Ուստի այս համատեքստում պետությունը պետք է ընդլայնի արտոնությունները:
Այսօր գործադիրն անդրադարձել է այս թեմային: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Ծրագրի համաձայն, սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով, գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման համար 2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ:
Սա պետության կողմից սահմանամերձ համայնքներին ցուցաբերած միակ օժանդակությունը չէ: Կառավարությունն ավելի վաղ որոշում էր ընդունել, որի համաձայն սահմանամերձ համայնքներին տրվել են որոշակի հարկային արտոնություններ:
Ճիշտ է, ամեն դեպքում սահմանամերձ բնակիչների համար ինչ էլ անենք, չի կարելի շատ համարել, սակայն այս պայմաններում նմանատիպ քայլը օգտակար է՝ ինչ-որ ձևով աջակցելու և սահմանամերձ բնակչի կողքին լինելու հարցում: Նամանավանդ սահմանային միջադեպերի ֆոնին պետությունը կարևոր քայլի է գնում:
Մարինա Ներսեսյան. Ֆեյսբուք
