Աբելյան փողոցում սպանվածը գնացել էր իր ծանոթ աղջկան փնտրելու
Նախօրեին Աբելյան փողոցում տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և կատարվում է նախաքննություն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած ծակած վերքերով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ նշված շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասից մինչև 3-րդ հարկ և 33-րդ բնակարան հայտնաբերվել են արնանման հետքեր:
Նշված բնակարան սպանվածը գնացել էր իր ծանոթ աղջկան գտնելու նպատակով։ Սպանվածը չի իմացել, թե աղջիկը կոնկրետ որ բնակարանում է ապրում, հարցուփորձ է արել բնակիչների շրջանում:
Հարցուփորձի ժամանակ վիճաբանություն է առաջացել Դալլաքյանի և 33-րդ բնակարանի բնակչի միջև, այդ ժամանակ էլ վերջինս դանակով հարվածներ է հասցրել նրան:
