Ադրբեջանական 3 պայմանագրային զինծառայողներ ապարդյուն փորձել են հանձնվել հայկական կողմին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական 3 պայմանագրային զինծառայողներ փորձել են անցնել սահմանը և հանձնվել հայկական կողմին, սակայն նրանցից երկուսը զոհվել են, իսկ կիսամեռ երրորդին հակառակորդը կարողացել է ետ տանել:
Մեծ է հավանականությունը, որ հակառակորդն ինքն է կրակ բացել իր զինծառայողների վրա՝ թիկունքից: Միաժամանակ, չի բացառվում նաև, որ նրանք զոհվել են արկի պայթյունի հետևանքով:
Մեր տեղեկություններով՝ հակառակորդի պայմանագրային զինծառայողների դիերը գտնվում են և հայկական, և ադրբեջանական կողմերի համար անհասանելի տեղում, այսինքն՝ դիերը ոչ մի կողմը չի կարողանում դուրս բերել:
Նախօրեին ադրբեջանական մամուլը, անդրադառնալով դեպքին, չէր բացառել զինծառայողների մոլորվելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս նշել էր, որ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով երաշխիքներ, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական զինված ուժերի մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները:
ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, սակայն գործընթացն այդպես էլ չի սկսվել:
Հայկական կողմը նաև հայտնել էր, որ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել Հայաստանի սահմանը:
