Ադրբեջանական բանակը կորուստ ունի
Սոցիալական ցանցերում ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 5-ին առաջնագծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել է Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988 թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն (Mollayev Abdulla Molla oğlu), ևս 2 զինծառայող վիրավորվել են:
Պաշտոնական աղբյուրներն ու ադրբեջանական լրատվակայքերն այս մասին դեռ լռում են:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի հյուսիս արևելյան (Թալիշի) հատվածում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը քիչ անց հայտարարել էր, թե իբր հայկական կողմն է փորձել դիվերսիա իրականացնել, ինչի հետևանքով ադրբեջանական բանակի ենթասպա է վիրավորվել:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին, ադրբեջանական Oxu.az լրատվակայքը նույն հատվածում անօդաչու սարքից նկարահանած՝ հայկական դիրքերի հրետակոծման տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե հայկական կողմը կորուստներ ունի: Սակայն Արցախի ՊԲ և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակներ Սենոր Հասրաթյանը և Արծրուն Հովհաննիսյանը հերքել են հայկական կողմի կորուստների մասին հայտարարությունը։ Վերջինս նաև հավելել էր, որ հակառակորդը փաստորեն խոստովանում է իր ագրեսիվ քայլերը, որոնց համար պատասխանատվություն է կրելու:
Հաշվի առնելով, որ ավագ լեյտենանտ Մոլլաևը ծառայում էր առաջնագծի նույն այդ հատվածում՝ կարելի է ենթադրել, որ հայկական կողմի պատասխանը չի ուշացել։
Աղբյուր՝ Ռազմ.info
