Ադրբեջանական դիրքերից փորձել են սպանել ՀՀ քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին որսացել է ձուկ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։
