Ադրբեջանական կողմը փորձում է հերքել հայ գերիներին կտտանքների ենթարկելու փաստը
Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ «հայերի ասածը Հակոբ Ինջիղուլյանին տանջելու մասին չի համապատասխանում իրականությանը»:
Պետական հանձնաժողովի ներկայացուցիչը ասել է, թե երբ Ինջիղուլյանը «անցել է» ադրբեջանական կողմ, նրա հետ զրուցել են լրագրողները: «Կան կադրեր՝ նկարահանված այն ժամանակ, երբ նա այստեղ էր, նաեւ՝ նրան Հայաստանին հանձնելու կադրերը: Մարդը, ում կտտանքների են ենթարկել, չի կարող այդպիսի տեսք ունենալ, նա չէր կարող ապաքինվել», - կարծում է Սադիգովը:
Հայրենիք վերադառնալով՝ Հակոբ Ինջիղուլյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները գնդակահարության սպառնալիքով իրեն ստիպել են ստել ԿԽՄԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ երրորդ երկիր գնալու ցանկության վերաբերյալ:
