«Ադրբեջանական փուչիկները հերթով պայթում են».Մարգարիտ Եսայան.VIDEO
Անկախ Հայաստանի Հանրապետության համար արտաքին քաղաքականությունը երբեւէ հեշտ չի եղել: Fnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, հավելելով, որ մեր աշխարհաքաղաքական դիրքը այնպիսին է, որ մենք պետք է մշտապես զգոն լինենք՝ ուշադիր եւ աչալուրջ:
«Արտաքին քաղաքական գործընթացները ամենակարեւորն են, եւ բոլոր այն խնդիրները որ կան, աշխարհը պետք է տեսնի...Ու նաեւ պիտի տեսնի, թե ինչպես ենք դրանք մենք ներկայացնում: Որովհետեւ անկախ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրենց անկախության առաջին իսկ օրվանից՝ մշտապես առաջնորդվել են միջազգային ընդունված նորմերով: Մենք որպես պետություններ, երբեւէ չենք խախտել միջազգային այդ նորմերը, եւ համերաշխորեն աշխատել ենք բոլոր կառույցների հետ. եւ' ՄԱԿ-ի, ե՛ւ ԵԱՀԿ-ի, ե՛ւ ԵԽ-ի, եւ' ԵՄ-ի, ե'ւ թե Միացյալ Նահանգների հետ: Պարզապես լավ օրից չէ, որ մենք ունենք այն հարեւանները ինչ որ ունենք, եւ դուք շատ լավ գիտեք, որ այն խնդիրները որոնք որ այսօր առկա են, ծագում են նաեւ հենց այդ պատճառով:
Որովհետեւ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, իրենց նավթային եւ այլ հարստություններով, նաեւ իրենց ինչու ոչ՝ կրոնական տարբերություններով, ու նաեւ իրենց հայատյաց քաղաքականությամբ փորձում են աշխարհին այլ բան ապացուցել, ինչն իրենց բարեբախտաբար չի հաջողվում»:
Այդուհանդերձ, հաշվի առնելով ներկայիս արտաքին քաղաքական թեժ գործընթացներն ու հատկապես վերջին օրերին Ալիեւյան կլանի կողմից հնչող ու մեկը մյուսին հերթ չտվող անհեթեթ հայտարարությունները՝ Արցախի խնդրի կարգավորման գործընթացում, պատգամավոր Մարգարիտ Եսայանից փորձեցինք ճշտել, արդյո ՞ք նոր թափ կհավաքի տեղեկատվական պատերազմը, թե՞ այնուամենայնիվ կվերսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ինչին ի պատասխան պատգամավորը հակադարձեց, որ.
«Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկացած պաշտոնյայի խելքին ինչ փչի՝ կարող է հայտարարել, եւ նրանք այդպես էլ անում են…Փորձելով այդ պահին իրենց ցանկությունը՝ իրականության տեղ ներկայացնել: Սա իրենց ոճն է եղել՝ միշտ: Մարդկանց կեղծ տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությունը, այսպես ասած իրենց մոտ «ստացվում» է… Բայց նրանք հաջողության չեն հասնում, որովհետեւ կա՛ իրականություն, կա՛ քաղաքականություն, կա՛ ճշմարտություն եւ կա՛ն աշխարհաքաղաքական զարգացումներ, որնց մեջ մենք եւս գտնվում ենք: Թե Ալիեւը ինչ է հայտարարում, կամ Ալիեւի որեւէ պատոնյա կամ « պաշտոնյա»-իկ ինչ է հայտարարում, դա մեզնից որեւէ մեկին չպետք է հետաքրքրի, որովհետեւ նրանք դա անում են նախ իրենց ներքին օգտագործման, եւ հետո էլ՝ իրենց ոգեւորելու համար, որովհետեւ ոգեւորվելու այլ պատճառներ չունեն»:
Ուշագրավ այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:
