Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղը
Երեկ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղը: Գնդակոծության հետևանքով այրվել է գյուղում երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Aravot.am-ը հայտնում է, որ ղեկին եղել է սահմանապահ հայ սպա: Նա չի տուժել: Համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ դեպքի առնչությամբ՝ պատճառաբանելով, իրենց արգելվել է որևէ ինֆորմացիա դուրս հանել գյուղից:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս պահին հանգիստ վիճակ է, երեկվա դեպքը լուրջ չի եղել, տեղ-տեղ կրակոցներ են հնչել. «Մերոնք պատասխան հարվածները հասցրել են: Վիճակը կայուն է և վերահսկելի»: ՊՆ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
