Ադրբեջանի ԱԳՆ. «Երկիրը չի անդամակցի ԵՏՄ-ին և Ղարաբաղը զիջելու մտադրություն չունի»
«Ես առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և երկրի սահմանները, որոնք ճանաչված են միջազգային մակարդակով ոչ մի դեպքում չեն կարող վաճառքի հանվել»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդիարովը ՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցության և դրա փոխարեն ղարաբաղյան հակամարտության լուծման հարցին:
«Ինչ վերաբերում է նշված ինտեգրացիոն գործընթացներին Ադրբեջանը հարգանքով է վերաբերում ցանկացած անկախ պետության որոշմանը: Ներկա պահին Ադրբեջանի Հանրապետությունն անկախ քաղաքականություն վարելով քաղաքական, տնտեսական և առևտրական կապերում նախընտրությունը տալիս է երկկողմ ձևաչափին, ինչն ամբողջությամբ արդարացնում է իրեն շահավետ համագործակցության տեսակետից: Առհասարակ, շատ կարևոր է երկրի ողջ հասարակության կարծիքը որևէ ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Մամեդիարովը նաև հավելել է, որ Ադրբեջանը պաշտոնական հրավեր չի ստացել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերաբերյալ և երկրի օրակարգում նման հարց գոյություն չունի:
