Ադրբեջանի գործողությունները ստոր են եւ ապակառուցողական. Նախագահ Բակո Սահակյանը` դեսպան Կասպշիկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայք-էջից:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ ապակառուցողական:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում եւ խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:
Բակո Սահակյանն կարեւորել է միջազգային հանրության խիստ եւ հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան:
