Ադրբեջանի մամուլը հայտնում է երկու զինծառայողների կորստի մասին
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են պաշտպանության նախարարության ստորաբաժանումների երկու զինծառայողների զոհվելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.azկայքը հայտնում է, որ մահացել է Սաաթլըի շրջանի Մոլլավազլը գյուղից զինծառայության զորակոչված զինծառայող, ենթասպա Ֆարիզ Ալիաբբաս օղլու Նովրուզովը: Ֆիզուլիի ուղղությամբ (Մարտունի) տեղակայված դիրք ում մահացել է Թովուզի Ահմեդաբադ գյուղից զորակոչված զինծառայող Էլշան Այդըն օղլու Իսմայիլովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ֆարիզ Նովրուզովի մահվան փաստը, իսկ մամուլում հրապարակվել է նրա հուղարկավորությունից լուսանկար:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 23 զինծառայողների մահը, որոնցից, պաշտոնական տվյալներով, 15-ը զոհվել են մարտական պայմաններում: Ադրբեջանական «Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով` ընթացիկ տարում ադրբեջանական բանակում կորուստը 70 զոհ է եղել, որոնցից 33-ը` մարտական, 37-ը` ոչ մարտական կորուստ:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 135 զինծառայող եւ 144-ից ավելի վիրավոր:
