Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության Շիրվանում գտնվող ռազմական նշանակության Telemexanika գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, պայթյունի հետեւանքով մարդիկ են զոհվել, կան նաեւ վիրավորներ, որոնց թիվը դեռեւս չի հրապարակվում:
Ներկայում միջադեպի վայրում մեծ թվով շտապօգնության բրիգադներ եւ փրկարարներ են աշխատում:
Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Telemexanika գործարանում խոշոր չափերի մարտական փամփուշտների արտադրության կենտրոն է գործում: Այդ կենտրոնն անցյալ տարի բացվել էր Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Շիրվանի հիվանդանոցից virtualaz.org-ին հայտնել են, որ պայթյունի հետեւանքով նվազագույնը մեկ մարդ է զոհվել, ում մարմինը գտնվում է հիվանդանոցի դիարանում, եւ հիվանդանոց արդեն 20-ից ավելի վիրավորներ են բերվել, որոնց թիվը գնալով մեծանում է: Միջադեպի վայր է ժամանել նաեւ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
