Ադրբեջանի տնտեսական ներուժի անկումը նյարդայնացնում է իշխող վերնախավին. Արծվիկ Մինասյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ադրբեջանական զինուժի ակտիվությունը սահմանին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքի ցուցադրությունն է, որի նպատակներից է, որ Իլհամ Ալիևը ցույց տա իր հասարակությանը, թե իբր իրենք խնդիրը դեռ չեն լուծել:
«Սա կապված է Ադրբեջանի ներկայումս դիտվող տնտեսական ներուժի անկման հետ: Նյարդայնացնում է իրենց՝ իշխող վերնախավին, այս ամենը և քանի որ խոստումներ են տվել, ու հասարակությանն էլ պատրաստել են պատերազմի, չեն կարողանում հետ կանգնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ քաղաքական ուժերը, հասարակությունը պետք է լինեն միասնական ու քաղաքական շահ չհետապնդեն գոնե այս պարագայում. «Քանի որ հակառակ դեպքում սկսվում է աննորմալ շրջան, որի դեպքում նույնիսկ կորուստներ ենք ունենում»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ լարվածությունը սահմանին միշտ է եղել է և կա։ «Այլ խնդիր է, որ երբ լարվածության պատասխանը տրվում է, որոշակի ժամանակ լռում է հակառակորդը»,- նշեց նա՝ միաժամանակ բարձր գնահատելով հայկական բանակի արձագանքը։
