Ադրբեջանի վերջին դեմարշը Հայաստանի դեմ
Երեկ կայացել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանը, ի հեճուկս 56 երկրների, դեմ է եղել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգմանը:
Ինչո՞վ է պայմանավորված այդ կտրուկ դեմարշը եւ ինչո՞վ է Ալիեւին խանգարել երեւանյան գրասենյակը: Հունվարի 19-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս ընդունել ԵԱՀԿ բյուջեն, որում, Քոչարյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում հետաքննությունների մեխանիզմների համար միջոցներ են նախատեսված:
Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը, թույլ չտալով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգումը, իրականում հուսահատ փորձում է թույլ չտալ հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնումը:
Ադրբեջանն այդ մեխանիզմներն ընկալում է որպես Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոն ամրապնդելու ԵԱՀԿ մտադրություն: Հարցն այն է, որ այդ սարքերը պետք է տեղադրվեն ներկայիս սահմանին, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն ամրագրում է ստատուս-քվոն:
Ադրբեջանը փորձում է թույլ չտալ դա: Բաքվի համար ստատուս-քվոյի փոփոխությունն առաջնահերթություն է: Վերջերս Մոսկվայում էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը պնդել է ստատուս-քվոյի փոփոխությունը:
Հայաստանը բացահայտ չի հայտարարում ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտության մասին, չնայած վերջին շրջանում սկսել են զգուշավոր ակնարկներ արվել, որ ներկայիս վիճակն «ավելի ընդունելի է»: ԵԱՀԿ-ում, հավանաբար, եւս համաձայն են:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը քայլեր է անում, որոնք Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի ու ԵԱՀԿ հարաբերություններում սեպ խրելու համար: Օրինակ, Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունում նշված է, որ նախկինում Հայաստանը, պարզվում է, արգելափակել է Տաշքենդում եւ Բիշքեկում գրասենյակների առաքելության երակարաձգումը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական սահմանին ԵԱՀԿ բլոկպոստերի տեղակայումը:
Հայաստանը փաստացի արգելափակել է իրեն չվերաբերող որոշումները, հանուն Ռուսաստանի շահերի: Այդ առումով Հայաստանը դժվար թե լիարժեք աջակցություն ստանա ԵԱՀԿ-ից:
ԵԱՀԿ-ն կարո՞ղ է հաղթահարել ղարաբաղյան հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների ներդրման Բաքվի վետոն: Ի՞նչ է անում Հայաստանը դրա համար:

