Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ… Սերժ Սարգսյան
Եռաբլուրում հակառակորդի գնդակից զոհված Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գլուխ են խոնարհում Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության համար:
«Գիտակցված մահը անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունը այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես՝ եկել, ով ասես՝ գնացել է, էլի են գալու, էլի գնալու, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետև մենք գիտենք հավերժ ապրելու բանաձևը:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերունդից ճառագող լույսի մեջ է: Եվ այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռուցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Այսօր մեր մտքերը մեր սահմաններին կանգնած զինվորների և սպաների հետ են:
Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում: Բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերունդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որ պաշտպանենք մեր տունը մեր հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»:
