Ադրբեջանի ԶՈւ-ն հաղորդում է, որ վիրավորների 40-45%-ի վիճակը ծանր է
Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել է, որ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, սակայն ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այս մասին Բաբաևը հայտնել է Ադրբեջանի ՊՆ «Ազերբայջան օրդուսու» (թարգմ.՝ «Ադրբեջանական բանակ») պաշտոնաթերթին տված հարցազրույցում` հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Գնդապետ Բաբաևն ընդգծել է, որ «հայկական կողմն օգտագործում է խոշոր տրամաչափի և հզոր կործանիչ ուժ ունեցող զենք»: Նա նշել է, որ «[վիրավոր] զինծառայողներից մեկի մարմնում հայտնաբերել են շուրջ 40 բեկոր…»:
Ապրիլի 2-5-ը տևած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ: Ներկայումս հաջողվել է պարզել միայն 95 սպանված ադրբեջանական զինծառայողի ինքնություն, սակայն Ադրբեջանի կորուստների թիվն անհամեմատ ավելի մեծ է:
Հակառակորդն ունի նաև բազմաթիվ վիրավորներ, որոնց հիմնական մասի վիճակը, ինչպես նշվեց, գնահատվում է ծանր:
Ռազմ.info
