Ադրբեջանում ճգնաժամ է սկսվել
Lurer.com–ը գրում է.
Նավթի համաշխարհային գնանկման պատճառով ընթացիկ տարվա փետրվարին մանաթի 35 տոկոսով արժեզրկվելուց հետո Ադրբեջանում աշխատավարձերի վճարման ճգնաժամ է սկսվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, մասնավորապես աշխատավարձերի վճարման դժվարության առաջ է կանգնել 1100 աշխատավոր ունեցող Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում գտնվող խողովակագլանման «Ազերբորու» ընկերությունը:
«Երեք ամիս է` չեն վճարում մեր՝ առանց այն էլ նվազ աշխատավարձը: Աշխատավորների 95 տոկոսին հարկադիր արձակուրդ են ուղարկել», -մամուլին հղած դիմումում հայտնել են գործարանի աշխատակիցները:
Նրանք նշել են, որ այս տարվա մարտից իրենց ուտելիք չի տրվում: Հաստատությունում միջին աշխատավարձը կազմում է 250 մանաթ:
2013 թվականին «Ազերբորու» ընկերության բաժնետոմսերի 97,39 տոկոսը մասնավորեցվել է: Այն գնել է Baku Steel Company ընկերությունը, որը պարտավորվել էր հաստատությունում 5 մլն 267 հազար մանաթ ներդրում կատարել, սակայն, գործարանը մայիսից դադարեցրել է գործունեությունը:
Baku Steel Company ընկերության մամուլի քարտուղար Նամիգ Ահմեդովը «Թուրան»-ին հայտնել է, որ գործարանը ֆինանսական դժվարություններ ունի, այդուհանդերձ, ճանապարհներ է որոնում Սումգայիթի խողովակագլանման գործարանի աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար:-
