Ադրբեջանում ցնցված են Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» զորավարժությունների բարձր մակարդակով
Ադրբեջանում ցնցված են այդ երկրի հետ հայկական երկու հանրապետությունների սահմաններում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանում պլանային «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման բարձր մակարդակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անթաքույց նախանձով են անդրադարձել զորավարժանքների հենց առաջին օրը Հայաստանի ղեկավարության, ուժային կառույցների պատրաստվածությանը և բնակչության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությանը միջոցառմանը:
Մասնավորապես, Ադրբեջանի իշխանության խոսափող haqqin.az և virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը:
ԶԼՄ-ները մեջբերել են Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի` բնակչության համար արած այն պարզաբանումը, որ զորավարժանքները պետական բոլոր կառույցների աշխատանքները համակարգելու քննություն են`միտված հավանական ռազմական գործողություններին պետական կառույցների և բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
Ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներն անդրադարձել են նաև զորավարժանքների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ տեղեկություններ են հաղորդվել վերջին օրերին Հայաստանի շրջակայքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015ե ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015ե զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձրաստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
