Ադրբեջանը Հայաստանի սահմանի երկայնքով ռազմատեխնիկա է տեղակայել. Интерфакс
Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով նկատվել են Ադրբեջանի Զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի, ինչպես նաև մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի կառավարության աղբյուրին:
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ողջ երկարությամբ նկատվել են Ադրբեջանի ԶՈւ ռազմատեխնիկայի և կենդանի ուժի, ինչպես նաև վարձկանների կուտակումներ, որոնք Ադրբեջան են ժամանել Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից և միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 17 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2290 զոհ, ավելի քան 3670 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
