Ադրբեջանը հայտարարել է գրոհի նախապատրաստության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ հանձնարարություն է տվել զինուժին ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հայկական կրակոցների դեպքում «անհապաղ կրակ բացել թշնամու ուղղությամբ»: Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարության մեջ ասվում է, որ կրակ բացեն հրազենի համար անհասանելի բնակավայրերի եւ հայկական դիրքերի ուղղությամբ՝ ադրբեջանական զինուժի տրամադրության տակ եղած խոշոր տրամաչափի զենքերից:
Փաստացի, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է հայկական սահմանամերձ բնակավայրերի եւ հայկական դիրքերի հանդեպ հրետանային գրոհի նախապատրաստության մասին: Թե ինչ խոշոր տրամաչափի սպառազինության մասին է խոսքը, դա վերաբերում է նաեւ տանկերի՞ն, պարզ չէ:
Փաստացի, դա քայլ է այն ուղղությամբ, որ կանխատեսվում էր, թե Բաքվի օլիմպիադայից հետո Ադրբեջանը կարող է դիմել խոշոր ռազմական սադրանքի: Ռուսաստանցի փորձագետները կանխատեսում էին նույնիսկ, որ դրանում կարող են ներառվել տանկեր:
Հասանովը իր հրամանը «հիմնավորել» է Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ իբրեւ Հայաստանի կողմից հաճախակիացած կրակոցներով: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել էր ավելի վաղ, որ այդ կրակոցների մասին ադրբեջանական տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Բաքվի համար այդ ամենը հանդիսանում է գրոհի անցնելու քարոզչական նախապատրաստության մաս: Ընդ որում, նախապատրաստությունը կարծեք թե եղել է ոչ միայն քարոզչական: Հետաքրքիր է, որ հուլիսի 14-ին տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի հետ: Ըստ հաղորդագրության, Խոսք է գնացել ռազմական ոլորտում գործակցությունը վերականգնելու մասին: Բայց, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը անդրադարձել է ԱՄՆ արտաքին գերատեսչության Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներին», ասելով, թե չպետք է թույլ տալ, որ քաղաքական գործիչները խանգարեն ռազմական գործակցությանը:
մանրամասներն` այստեղ:
