Ադրբեջանը փորձեց աշխարհին ինչ-որ բան ցույց տալ.Արծրուն Հովհաննիսյան
«Տարածքը շատ բարդ է: Հասկանալի է, որ ուղղաթիռը մեր դիրքերից ավելի հեռու էր. հայկական դիրքերից այն հեռու էր 320-350 մ, հակառակորդից` 100-125 մ»,- Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում, խոսելով խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման մանրամասների մասին, ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ութ-ինը օրերի ընթացքում ԼՂՀ ստորաբաժանումները դեպքի վայրը ոչ մի րոպե անուշադրության չեն մատնել:
«Ադրբեջանը փորձեց աշխարհին ինչ-որ բան ցույց տալ, բայց հակառակ պատկերը ստացվեց: Նրանք ինքնամեկուսացման գնացին և խայտառակվեցին, որովհետև բարոյական ոչ մի նորմի մեջ չի տեղավորվում, թե ինչու արևի տակ պետք է թողնես խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմին»,- նկատեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հերքումներին` ՊՆ խոսնակը նշեց, որ հակառակորդը նման պահվածքը սպասելի էր, և այդ պատճառով կան տեղեկատվական ապացույցներ, այդ թվում` անօդաչու թռչող սարքից արված լուսանկարներ: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմն այլ ապացույցներ ևս ունի, սակայն դեռ անհրաժեշտ չի համարում դրանք ներկայացնելը:
