Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը. Սեյրան Օհանյան
«Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից` այդ երկրի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ. աննախադեպ լարվածության մեջ պահելով ՀՀ և ԼՂՀ սահմանները, մասնավորապես Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական հանրության մեջ ատելություն սերմանելով հայերի նկատմամբ»,-այս մասին այսօր ՊՆ-ում կազամկերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակվում է նաև մերժողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հանրապետության բանակցային գործընթացում. «Նախորդ տարվա ողջ ընթացքում հակառակորդը իրականացրել է և նաև այս տարի շարունակում է դիվերսիոն գործողությունները և դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են և' դիտավորյալ, և' պլանային բնույթ: Եվ նպատակ են հետապնդում շոշափել, ինչպես մեր ուժերի ամրությունը` այնպես էլ սրել առկա լարվածությունը: Ամենաչնչին լարվածության դեպքում ադրբեջանական Զինված ուժերը այն կամրապնդեն ոչ միայն մարտավարական, այլ նաև ավելի մեծաբնույթ և բազմաբնույթ քայլերով: Ողջ այս լարվածության և բազմաքանակ սադրանքների պարագայում նրանք որևէ լուրջ հաջողության չեն հասել»:
