Ադրբեջանը շարունակում է կրակել ընկած հայկական ուղղաթիռի ուղղությամբ. անձնակազմի վիճակն անհայտ է
Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի անձնակազմին մոտենալ հնարավոր չէ՝ հակառակորդի անընդհատ շարունակվող կրակահերթերի պատճառով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ կատարվածն անվանելով «աննախադեպ էսկալացիա»:
Մեր զրուցակիցը հերքեց ադրբեջանական կողմի տարածած այն կեղծ լուրերը, թե հայկական ուղղաթիռը կրակ է բացել իրենց ուղղությամբ:
«Ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, որ իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել, անմիտ են, քանի որ ուղղաթիռի բեկորների մասերի ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ այն ընդհանրապես զինված չի եղել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ադրբեջանական կողմն այս պահին էլ կրակահերթի տակ է պահում տարածքը և առայժմ անհնար է անգամ հասնել ընկած ուղղաթիռին ու տեսնել, թե արդյոք անձնակազմի անդամները զոհվե՞լ են, թե՝ վիրավորվել:
Ի դեպ, հայկական ուղղաթիռում եղած անձնակազմի անդամների թիվն այս պահին ևս պաշտոնապես չի հայտարարվում, թեև ոչ պաշտոնական աղբյուրներն արդեն իսկ նշել են, որ ուղղաթիռում 3 հոգի է եղել:
