Ադրբեջանը տարհանո՞ւմ է սահմանամերձ բնակչությանը
Կա տեղեկություն, որ Ադրբեջանը տարհանում է Արցախի հարավ-արեւելյան սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ շփման գծի մոտ Ադրբեջանի զինված ուժերի հրետանային եւ հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների ընթացքում իրականացվում են ռուսական արտադրության «Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Բացի այդ, մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը:
Դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը, այլ զորատեսակների հետ համագործակցությամբ փորձարկվելու է դրանց կիրառումը:
Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ Ռուսաստանը շարունակում է արդիական սպառազինության մատակարարումները: Բացի այդ, Ադրբեջան են ժամանել ռուս մասնագետներ, ովքեր պետք է օգնեն ադրբեջանցիներին զենքին տիրապետելու հարցում:
Հայկական կողմը հաղորդել է հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին, նշելով, որ այս անգամ այդ կուտակումներն ավելի մեծ ծավալների են: Արդյոք դա հարձակման համար է, թե այսպես ասած պլանային զորաշարժեր են, դժվար է ասել:
Եթե բնակչության տարհանումը համապատասխանում է իրականությանը, չի բացառվում հայկական դիրքերի հրետակոծության ինտենսիվացումը: Քանի որ հակառակորդի հրետանային համակարգերը տեղակայված են բնակավայրերում, հայկական կողմը նշել է, որ պատասխան գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում: Հնարավոր է՝ զորավարժությունների մեկնարկը կապված է այդ հանգամանքի հետ:
Հնարավոր է նաեւ՝ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ փորձում է ավարտին հասցնել այն համատեղ ծրագիրը, որը տապալվեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների արդյունքում:Այն մասին, որ այդ ծրագիրը կիսատ է մնացել, վկայում են ապրիլյան ռազմական գործողությունների ավարտից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ինչպես նաեւ ռուս եւ ադրբեջանցի պաշտոնատարների հայտարարությունները:
Մասնավորապես, հայկական կողմը գաղտնազերծեց Կազանի փաստաթուղթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ռուսական կարգավորման պլանը: Փաստացի, ապրիլյան պատերազմի արդյունքը տապալել էր այդ պլանը:
Ի՞նչ է սպասվում: Փորձագետները տարբեր սցենարներ են կանխատեսում՝ լայնածավալ պատերազմից մինչեւ մինչապրիլմեկյան «սողացող պատերազմի» շարունակումը: Ակնհայտ է մեկ բան՝ հայկական կողմը սկսել է նոր իրավիճակին համարժեք, թեկուզ եւ որոշ դեպքերում ուշացած կամ կիսատ, քայլեր ձեռնարկել, եւ այս հարցում հետեւողական ու ինքնիշխան որոշումները բերելու են հայկական կողմի ձեռքբերումներին:
Հայկական կողմը ներկայում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, մի լուրջ առավելություն ունի՝ այլեւս չի կարող հույս պահել իր «դաշնակցի» վրա: Ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձը՝ դա հայերի հաղթանակի պայմանն է:
